Երիտթուրքեր

Հայոց ցեղասպանությունը ոչ միայն հայության մեծագույն կորուստն է, այլև մեծագույն խարանը: Ովքե՞ր էին այդ ոճրի հեղինակները: Ովքե՞ր էին երիտթուրքերը… Երիտթուրքերի կուսակցության պաշտոնական անվանումն է «Միություն և առաջադիմություն»՝ Իթթիհաթ վե թերաքքի: Այդ պատճառով էլ ժամանակի մամուլում և պատմական աշխատություններում երիտթուրքերին անվանել են նաև իթթահաթականներ: Մինչև 1889 թ. երիտթուրքերի շարժումն իրենից ներկայացնում էր Օսմանյան կայսրությունում և նրա սահմաններից դուրս գործող առանձին կազմակերպությունների միություն:

1889 թ. Ստամբուլում գումարվեց ժողով, և այդ կազմակերպությունները միավորվեցին մեկ կուսակցության մեջ: Կուսակցության նպատակն էր Օսմանյան կայսրությունում սուլթանի անսահմանափակ իշխանության վերացումը, Թուրքիայում սահմանադրական միապետության հաստատումը, ազատ տնտեսավարական կարգերի հաստատումը:

«Միություն և առաջադիմություն» կուսակցության մեջ ընդգրկված էր թուրքական հասարակության էլիտան՝ մտավորականությունն ու բարձրաստիճան զինվորականությունը: Սակայն գաղտնի գործող կուսակցությունը բացահայտվում է, և սուլթան Աբդուլ-Համիդ Բ-ն պայքար է սկսում երիտթուրքերի դեմ: Նրա հրամանով կուսակցության պարագլուխները ձերբակալվեցին և 1897 թ. դատավարություն սկսվեց նրանց դեմ: Սուլթանի ձեռնարկումները, սակայն, չկասեցրին երիտթուրքերի առաջխաղացումը: Չնայած կուսակցությունը կազմավորվեց 1889 թ., առաջին ընդհանուր կոնգրեսը հրավիրվել է 1902-ին: Այս կոնգրեսին ներկայացուցիչներ ուղարկեցին նաև հայոց ազգային կուսակցությունները՝ Հայ հեղափոխական դաշնակցությունը և Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունը՝ առաջին անգամ գործնական կապեր հաստատելով երիտթուրքերի հետ: Իսկ մեկ տարի անց՝ 1903 թ., ՀՅԴ ներկայացուցիչները Փարիզում և Ժնևում բանակցություններ սկսեցին երիտթուրքերի հետ՝ սուլթանի իշխանության դեմ համատեղ պայքար ծավալելու հարցի շուրջ: Հնչակյան կուսակցությունը հրաժարվեց երիտթուրքերի հետ հետագա համագործակցությունից, քանի որ «թուրք կոմիտեն պայման կը դներ ազգային ամեն մասնավոր պահանջում մեկդի ընել և համաձայնիլ «Միության և առաջադիմության» Օսմանյան ծրագրին վրա»: Հետագայում Դաշնակցությունն ավելի սերտացրեց հարաբերությունները երիտթուրքերի հետ: Մերձեցման հիմքում երկու կետ կար: Նախ՝ Աբդուլ Համիդ սուլթանի տապալումը, որով Թուրքիայում հանրապետական կարգեր կհաստատվեին, և քանի որ երիտթուրքերն ուղղակի բացառեցին անկախ Հայաստանի ստեղծումը արևմտահայ հողերի վրա, դաշնակցականներն ու երիտթուրքերը եկան համաձայնության, որ հայությունը, ի թիվս այլ ազգերի, իրավահավասար կերպով կապրի Թուրքիայում: 1906 թ. երիտթուրքերի կուսակցության կենտրոնը տեղափոխվեց Սալոնիկ: Պետք է նշել, որ երիտթուրքական կուսակցությունն ի սկզբանե մասոնական օթյակներից ծնունդ առած կառույց էր և Սալոնիկում հաստատվելով՝ ավելի սերտացրեց մասոնական օթյակների հետ կապը: Երիտթուրքական կուսակցության պարագլուխներ դարձան ծպտյալ հրեա գործիչներ, որոնք հանդես էին գալիս թուրքերի անվան տակ: 1907 թ. դեկտեմբերին Փարիզում գումարվեց մեծ կոնգրես Թուրքիայի ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ, և այդ կոնգրեսում երիտթուրքերը և Հայ հեղափոխական դաշնակցությունը, արաբական, հրեական և մակեդոնական ազգային կոմիտեները համաձայնության եկան համիդյան վարչակարգը միասնական ուժերով տապալելու և Թուրքիայում սահմանադրական կարգեր հաստատելու խնդրի շուրջ։ Մշակվեց պայքարի ընդհանուր մարտավարություն և ապստամբության մեկնարկի ժամանակաշրջանը, այն է՝ 1908 թ. հոկտեմբերը: Սակայն դեպքերն ավելի արագ զարգացան: Հանգուցալուծումը եղավ 1908 թ. հուլիսին: Մակեդոնիայում գտնվող թուրքական զորքերը Էնվերի և Նիազի գլխավորությամբ ապստամբում են սուլթանի դեմ և ամրանում լեռներում: Սուլթանն ապստամբությունը ճնշելու նպատակով մեծ բանակ է ուղարկում Մակեդոնիա: Սակայն երիտթուրքերը կարողացել էին նախապես իրենց կողմը գրավել նաև բանակի սպայակազմին: Եվ պատժիչ բանակի հրամանատարությունը՝ Ջեմալն ու Մուստաֆա Քեմալը, անցնում են ապստամբների կողմը: Աբդուլ Համիդ սուլթանին այլ բան չէր մնում, քան հաշտվել իրողության հետ: Օսմանյան կայսրությունում պետական հեղաշրջում էր կատարվել: Թուրքիան այլևս սահմանադրական միապետություն էր: Սուլթան Աբդուլ Համիդ Բ-ն հուլիսի վերջին վերականգնում է սահմանադրությունը և ողջ կայսրության տարածքում խոսքի ազատություն և մարդու ազատության հիմնարար դրույթներ հռչակում: Այսպիսով 1908 թ. երիտթուրքերը կարողացան երկրում հեղաշրջում կազմակերպել և անցնել իշխանության գլուխ, սակայն նրանց արտաքին և ներքին քաղաքականությունն էապես չտարբերվեց Աբդուլ Համիդ Բ-ի քաղաքականությունից: 1909 թ. երիտթուրքերը Աբդուլ Համիդին հեռացրին իշխանությունից և գահ բարձրացրին նրա Մեհմեդ եղբորը: Մինչ այդ՝ 1908 թ. ամռանը, Օսմանյան կայսրությունում տեղի ունեցան առաջին խորհրդարանական ընտրությունները: Դրանք անբարենպաստ էին հայության համար: Խորհրդարանի 230 պատգամավորական մանդատներից հայերն ստացան սոսկ 12 մանդատ: Մինչդեռ կայսրության բնակչության շուրջ 15 տոկոսը կազմում էր հայությունը: Հայերից ովքե՞ր անցան օսմանյան խորհրդարան: Դաշնակցական գործիչ Վահան Փափազյանն իր «Իմ հուշերը» աշխատությունում մատնանշում է 10 հայ պատգամավորների. «Պոլսեն Գրիգոր Զոհրապ և Պետրոս Հալաճյան, Իզմիրեն՝ Սպարթալ և Հակոբ Պապիկյան [Ռոդոստայից], Քուզանեն՝ Մուրատ Պոյաճյան, Էրզրումեն՝ Գ. Փաստրմաճյան (Արմեն Գարո) և Վարդգես, Մուշեն՝ Գեղամ Տեր-Կարապետյան, Սեբաստիայեն՝ տոքթ. Տաղավարյան, Վանեն՝ Վ. Փափազյան»: Վահան Փափազյանը չի նշել Արշակ Վռամյանին և Կարապետ Փաշայանին, որոնք էլ ամբողջացնում են օսմանյան առաջին պառլամենտում հայ գործիչների ցանկը: Երիտթուրքերը երկրում հռչակեցին ֆրանսիական հեղափոխության կարգախոսը՝ «Ազատություն, հավասարություն, եղբայրություն»: Ըստ էության, գրեթե անարյուն այս հեղաշրջմամբ Օսմանյան կայսրության տարածքում ապրող բոլոր ազգերը, նույն հարթակի վրա գտնվելով, թվում էր, կարող են ապրել ազատ ու իրավահավասար հասարակության մեջ: Սակայն իրականում երիտթուրքերն այլ պլաններ ունեին կայսրության տարածքում բնակվող ժողովուրդների վերաբերյալ: Հեղաշրջումից անմիջապես հետո նրանք ձեռնամուխ եղան Ադանայի հայերի ջարդին: Յաթաղանի զոհ դարձան տասնյակհազարավոր հայեր: Ցավոք, դա չսթափեցրեց հայ քաղաքական ուժերին, որոնք շարունակեցին նույն ձևաչափով համագործակցությունը թուրքերի հետ: 1908-1914 թթ. ընթացքում, փաստորեն, Արևմտյան Հայաստանում կազմալուծվեց ֆիդայական շարժումը: Հայությունը, կուլ տալով երիտթուրքերի պատրաստած խայծը, լծված էր խաղաղ շինարարական աշխատանքների: Մինչդեռ աղետը մոտենում էր: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին՝ 1913 թ., Թուրքիան ղեկավարում էին երիտթուրք եռապետները՝ Թալեաթը, Էնվերը և Ջեմալը: Օգտվելով առաջին աշխարհամարտի տված հնարավորությունից՝ երիտթուրքերն անցան իրենց հիմնական խնդրի լուծմանը, այն է՝ Թուրքիան մաքրել հայությունից և ստեղծել թուրքական աշխարհակալություն: Թուրքիան պարտվեց պատերազմում և երիտթուրքերի կուսակցությունը լուծարվեց, սակայն նրանք կատարեցին իրենց սև գործը: Պատերազմական հանցագործությունների համար նրա պարագլուխները կանգնեցին դատարանի առաջ: 1919 թ. տեղի ունեցավ երիտթուրքերի պարագլուխների դատավարությունը: Միայն 4 հոգի՝ Թալեաթը, Նիզամը, Էնվերը և Ջեմալը դատապարտվեցին մահվան: Մյուսները դատապարտվեցին աքսորի: Հետագայում տեղի ունեցան նաև կայսրության առանձին նահանգների երիտթուրք պարագլուխների դատավարությունները, որոնք մեղավոր էին Հայոց ցեղասպանության համար: Նրանցից ոմանք ևս դատապարտվեցին հեռակա մահապատժի: Սակայն 1922 թ. երիտթուրքերի կուսակցությունը վերսկսեց գործունեությունը Թուրքիայի տարածքում: Մի քանի տարի անց՝ 1926 թ., նրանք մահափորձ ձեռնարկեցին Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի նկատմամբ: Մահափորձը ձախողվեց: Կուսակցության պարագլուխները ձերբակալվեցին, իսկ կուսակցությունը դադարեցրեց իր գործունեությունը:

Оставьте комментарий